Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիների հանդիպումն անցել է բավական լարված մթնոլորտում։
NEWS.am-ի հաղորդմամբ` կապանցիներն առանց միմյանց հերթ տալու փորձել են հարց ուղղել վարչապետին: Քաղաքացիներից մեկն էլ տեղից գոռացել է, թե՝ «Հայաստանում իրավական համակարգ չկա, մաֆիա է»։ Նիկոլ Փաշինյանը բարկացած հարցրել է. «Այդ ի՞նձ եք ասում։ Պետք է չէ՞ հարգել միմյանց»։
Այնուհետև վարչապետը բարկացած իջել է բեմից ու իր բարձրախոսը տրամադրել քաղաքացուն՝ հորդորելով խոսել բեմից: Տարեց տղամարդը մոտեցել է ամբիոնին, սակայն հրաժարվել է խոսել։
Հանդիպման ընթացքում այդպես էլ չի հաջողվել կարգուկանոն հաստատել, և վարչապետը ստիպված է եղել հեռանալ հրապարակից: Ի դեպ՝ հարց տալու համար ձայն էին խնդրել նաև կապանցի փոքրիկները, սակայն ի վերջո հարցի փոխարեն Նիկոլ Փաշինյանին խնդրել են միասին լուսանկարվել:
Այսպիսով, վարչապետի այցը Սյունիքի մարզ ավարտվեց: Վաղը Նիկոլ Փաշինյանը կլինի Վայոց ձորում: Այստեղ առաջին հանդիպումը Ջերմուկում է՝ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ցուցարարների հետ: