Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում ստացված տեղեկատվությանը հայ - ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ, որը չպետք է հանգեցնի իրավիճակի նոր սրման: Այս մասին ասված է հայ - ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությունում, որն այսօր հրապարակվել է կազմակերպության կայքէջում:
Ռազմական դաշինքը, որին անդամակցում է նաև Հայաստանը, վկայակոչում է հունիսի 11-ին Ալմաթիում կայացած ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների նիստին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ներկայացված տեղեկատվությունը, ինչպես հայտարարությունում է նշվում, «Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների ակտիվացման, նաև նրանց տեղաշարժի և ինժեներական աշխատանքների անցկացման մասին»:
Վերահաստատելով հարցերի խաղաղ կարգավորման համար միջավայրի ստեղծմանն ուղղված միջոցների ձեռնարկման կարևորությունը՝ ՀԱՊԿ քարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, գրում է Azatutyun-ը: