ԱՄՆ-ն գտնում է, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում առաջընթաց կա, սակայն դեռևս մտադիր չէ մեղմացնել Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը։ Սա ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ հանդես գալով Տոկիոյում կայացած Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության գործընկերների հետ եռակողմ բանակցությունների արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Միևնույն ժամանակ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Փհենյանում կայացած բանակցություններում Պոմպեոյի գլխավորած պատվիրակության զբաղեցրած դիրքորոշման առնչությամբ։ Հյուսիսային Կորեայի իշխանությունները զգուշացրել են, որ ապամիջուկայնացման իրենց ձգտումը կարող է տատանվել։
«Չնայած մենք ոգեշնչված ենք բանակցություններում գրանցած առաջընթացով, մի առաջընթացը չի արդարացնում գոյություն ունեցող պատժամիջոցների ռեժիմի մեղմացումը»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
«Մենք արդյունավետ բանակցություններ ենք անցկացրել, որոնք կշարունակվեն առաջիկա օրերին և շաբաթներին», - ասել է Պոմպեոն `խոսելով Փհենյանում կայացած հանդիպումների արդյունքների մասին:
«Սակայն ամենից առաջ պետք է նշեմ, որ Հյուսիսային Կորեան համաձայնել է հուլիսի կեսերին հանդիպում անցկացնել Փհանմունջոմում, որտեղ կքննարկենք ամերիկացի զինծառայողների (Կորեական պատերազմի տարիներին զոհվածների) մնացորդների հայրենադարձության հարցը։ Հյուսիսային Կորեան նաև հաստատել է, որ ուժի մեջ է մնում ավելի վաղ ստանձնած պարտավորությունը հրթիռային շարժիչների փորձարկումների պոլիգոնի ոչնչացման մասին»,-հավելել է Պոմպեոն։