Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ նվիրակին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել կարևոր առաքելության իրականացման գործում։
Հիշատակելով, որ եղել է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը Սուրբ Աթոռում, նախագահ Սարգսյանն ասել է, որ քաջածանոթ է հայ-վատիկանյան հարաբերությունների հարուստ պատմությանն ու օրակարգին:
Հանրապետության նախագահը նշել է, որ երկկողմ պատմական կապերը, մշակութային և հոգևոր մեծ ժառանգությունը համագործակցության հետագա զարգացման համար լավ նախադրյալներ և ամուր հիմք են հանդիսանում: