Ֆրանսիայի հավաքականը վաղուց է դուր գալիս Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, ինչը պատճառներից մեկն է եղել, որ նա աշխարհի առաջնության եզրափակիչում երկրպագեր հենց Ֆրանսիայի հավաքականին։ Այս մասին Սարգսյանը խոսել է Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում։
«Երկրորդ` Ֆրանսիայի նախորդ թիմում, որը դարձել է աշխարհի չեմպիոն 20 տարի առաջ, խաղացել են երկու հայեր` Ջորկաեֆը և Պողոսյանը», — ասաց նախագահը։
Ազդել է նաև այն, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները շատ մտերիմ են և բարեկամական. Ֆրանսիան երկիր է, որն անցած դարի սկզբին ապաստան է տվել մեծաթիվ հայերի, երկիր, որը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը։
Բացի այդ, ավանդության համաձայն, Երուսաղեմի վերջին քրիստոնյա արքան կիսով չափ ֆրանսիացի է եղել, կիսով չափ` հայ, և Կիլիկիայի հայկական թագավորությունում վերջին արքան նույնպես կիսով չափ հայ է եղել, կիսով չափ` ֆրանսիացի։
Վերջապես, հիմա Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, և այս տարի Երևանը կընդունի ֆրանսալեզու երկրների միջազգային կազմակերպության գագաթնաժողովը։
Նախագահը նշեց, որ Ռուսաստանում աշխարհի առաջնությունը ֆենոմենալ է անցել։ Ռուսաստանը միշտ հոկեյի մեծ երկիր է եղել, բայց հիմա այն դարձել է նաև ֆուտբոլի մեծ երկիր։