Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը: Հայաստանի Հանրապետության դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում վերսկսվում են դասերը:
Նշենք, որ գիտելիքի օրը Հայաստանում որպես տոնական օր սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:
Հայաստանի հանրակրթական դպրոցներն այսօր կդիմավորեն շուրջ 39 հազար առաջին դասարանցիների։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին Կրթության և գիտության նախարարությունից:
Նախարարությունից նշեցին, որ հստակ թիվ կարող են հրապարակել սեպտեմբերի 10-ից հետո և ասել, թե որքան առաջին դասարանցիներ կհաճախեն Երևանի և որքան՝ մարզերի դպրոցներ:
Հայաստանի կառավարության անդամները և մյուս պաշտոնյաները վաղ առավոտից կայցելեն դպրոցներ՝ շնորհավորելու ուսուցիչներին և աշակերտներին մեկնարկող ուսումնական տարվա առթիվ:
Նշենք, որ մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ 1930թ.-ի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։
1935թ.-ի սեպտեմբերի 3-ին Ժողովրդական կոմիսարների խորհրդի ու ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբ: 1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։ Սեպտեմբերի 1-ն աշխարհի երկրների մեծ մասում նշվում է որպես Գիտելիքի օր: