Պուտինն ու Ալիևը հրապարակել են հինգ գերակայությունները

18:36     1 սեպտեմբերի, 2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամրագրել են երկկողմ հարաբերությունների գերակա ուղղությունները՝ բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն ստորագրելով։

Ըստ փաստաթղթի, երկու ղեկավարները հաստատել են հավատարմությունը երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը գործող Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին համաձայնագրի սկզբունքների հիման վրա։ Մտադրություն են հայտնել որակական նոր մակարդակի դուրս բերել առևտրա-տնտեսական հարաբերությունները և այլն։

Առանձնացվել են համագործակցության խորացման հետևյալ գերակա ուղղությունները․

-           առավել նպաստավոր պայմանների ստեղծում առևտրի ոլորտում փոխշահավետ առևտրա-տնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման համար,

-          միջազգային տրանսպորտային միջանցքների ռուս-ադրբեջանական հատվածների տրանզիտային պոտենցիալի մեծացում՝ ինտելեկտուալ տեխնոլոգիաների կիրառմամբ,

-          համատեղ արտադրությունների հիմնում ազգային տնտեսությունների հեռանկարային ոլորտներում և արտահանման համար,

-          պետական կառավարման ոլորտում նորարարական մոտեցումների ներդրում, այդ թվում՝ ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրում բյուջետա-հարկային ոլորտում, փորձի փոխանակում,

-          համագործակցության ընդլայնում հումանիտար ոլորտում՝ ներառյալ երիտասարդական քաղաքականությունը, կրթությունը, սպորտը և տուրիզմը։

Հիշեցնենք, որ փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի նախագահի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում։


© armedia.am