ԱՄՆ-ն Պաղեստինին առաջարկել է Հորդանանի հետ կոնֆեդերացիա ստեղծել

12:17     3 սեպտեմբերի, 2018

Մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման սեփական ծրագիրն ունեցող Միացյալ Նահանգները պաղեստինցիներին առաջարկել է Հորդանանի հետ կոնֆեդերացիա ստեղծել: Այս մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության 10-րդ ալիքը՝ վկայակոչելով Իսրայելի ՀԿ-ների ներկայացուցիչներին, որոնց հետ Ռամալլահում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի ավագ խորհրդականը և միջազգային բանակցություններում վաշինգթոնյան վարչակազմի  հատուկ ներկայացուցիչը Աբասին առաջարկել են «հրաժարվել պաղեստինյան  անկախ պետության գաղափարից՝ Հորդանանի հետ կոնֆեդերացիայի օգտին»: ի պատասխան Աբասն ասել է. «Ես պատրաստ եմ համաձայնվել, սակայն մի պայմանով, որ կոնֆեդերացիայի մի մաս լինի Իսրայելը»:

Նշենք, որ Հորդանանի հետ կոնֆեդերացիայի մեջ պաղեստինյան տարածքները միավորելու գաղափարը նոր չէ, սակայն վերջին տարիներին այն օրակարգից դուրս էր:


© armedia.am