INTERFAX. Միքայել Հարությունյանն այլևս չի հետախուզվում ՌԴ տարածքում

10:32     7 սեպտեմբերի, 2018

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանին այլևս չեն հետախուզում Ռուսաստանի տարածքում։ Այս մասին Sputnik-ի փոխանցմամբ հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով տեղեկացված աղբյուրին։

Նախկին նախարարի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի մարտին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Այն ժամանակ նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվել էին ճանաչել ԿԸՀ-ի տվյալներն ու դուրս էին եկել Երևանի փողոցներ։ Ցուցարարների դեմ զենք էր կիրառվել, մահացել էին 10 մարդ։

Հայաստանում Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և որոշ տեղեկությունների համաձայն` նա Ռուսաստանում է։

Այդպիսով, Ռուսաստանում նախկին նախարարին ոչինչ չի սպառնում, բայց եթե նա հայտնվի ԱՊՀ այլ երկրներում, ապա կարող է կալանավորվել և հանձնվել Հայաստանին։

Ավելի վաղ հայտնում էին, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները ստացել են միջազգային հետախուզման մեջ գտնվող Հարությունյանին Հայաստանին հանձնելու հայցը, սակայն Մոսկվան մտադիր չէ Հայաստանին հանձնել պաշտպանության նախկին նախարարին, քանի որ նա ռուսական անձնագիր ունի։


© armedia.am