Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը Բաքվի ոչ կառուցողական գործողությունների անմիջական հետևանքն է. Տիգրան Բալայան

13:05     15 սեպտեմբերի, 2018

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը Բաքվի ոչ կառուցողական գործողությունների անմիջական հետևանքն է: Այս մասին  NEWS.am-ին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով հայկական խաղաղ բնակավայրերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ագրեսիայի հերթական դրսևորումը:

«Սա Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարվելու անմիջական հետևանքն է և կրկին ցույց է տալիս Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը բանակցային գործընթացին և խաղաղություն պահպանման համար ստանձնած պարտավորություններին», - ընդգծեց Տիգրան Բալայանը:

ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, որ պաշտոնական Երևանը իրավիճակի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակին:

Ավելի վաղ հաղորդվել էր, երեկ ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են սահմանամերձ Չինարի գյուղը: Վնասվել  են մի քանի տների և մանկապարտեզների պատերը, տանիքները, ջրատար խողովակները և բաքերը:

Սա վերջին օրերին Հայաստանի սահմանամերձ գյուղերի և ճանապարհների գնդակոծման առաջին դեպքը չէ: Ավելի վաղ ռմբակոծվել էին Բաղանիս և Կոթի գյուղերը:


© armedia.am