Մոլդովայի նախագահը ժամանակավորապես հեռացվել Է պաշտոնից

14:48     24 սեպտեմբերի, 2018

Մոլդովայի Սահմանադրական դատարանը, երկրի դեմոկրատական կուսակցության պատգամավորների հայցի համաձայն, ժամանակավորապես կասեցրել է նախագահ Իգոր Դոդոնի լիազորությունները:

Դատարանի որոշումը հնարավորություն է տալիս խորհրդարանի խոսնակին, որպես նախագահի պաշտոնակատարի, ստորագրելու առողջապահության, սոցիալական պաշտպանության և ընտանիքի, գյուղատնտեսության, տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի նախարարների նշանակման մասին հրամանագրերը:

Դոդոնը երկրորդ անգամ էր հրաժարվել այդ պաշտոններում վարչապետի առաջարկած թեկնածուներին նշանակելու մասին հրամանագրեր ստորագրելուց:

Նշենք, որ oրենսդրության համաձայն, նախագահն իրավունք ունի մերժել վարչապետի առաջարկած թեկնածությունները, բայց միայն մեկ անգամ: Նույն թեկնածուների կրկնական  առաջադրումից հետո նրանց նշանակման մասին հրամանագիրը չստորագրելու դեպքում նախագահի լիազորություններն անցնում են խորհրդարանի խոսնակին, ով կարող է նախագահի փոխարեն ստորագրել հրամանագիրը:


© armedia.am