Թուրքմենստանի նախագահը չեղարկել է էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և աղի անվճար սպառումը

14:33     26 սեպտեմբերի, 2018

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ից այլևս չի լինելու էլեկտրաէներգիայի, գազի, խմելու ջրի և աղի անվճար տրամադրում, հայտնում է «Թուրքմենստանն այսօր» գործակալությունը:

Ինչպես նշում է «Չեզոք Թուրքմենստան» թերթը, հանրապետությունում էլեկտրականությունը, գազը և ջուրն անվճար էին, բայց սպառման լիմիտի շրջանակներում: Դրանից ավելի ծախսվածը ենթակա էր վճարման, բայց այնքան ցածր գնով, որ համարվում էր խորհրդանշական:

Բնակչության համար բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ու կերակրի աղի անվճար տարիֆները Թուրքմենստանում սահմանվել էին 1993 թվականին երկրի առաջին նախագահ Սափարմուրադ Նիազովի կողմից:


© armedia.am