Եվրախորհրդարանը հրաժարվել է Թուրքիային 70 մլն եվրո հատկացնել

16:01     3 հոկտեմբերի, 2018

Անկարայի ավտորիտար քաղաքականության պատճառով Եվրախորհրդարանը չեղարկել է Թուրքիային 70 մլն եվրոյի հատկացումը: Ստրասբուրգում համապատասխան առաջարկի օգտին քվեարկել է 544 պատգամավոր, 28-ը դեմ է եղել, ևս 74-ը՝ ձեռնպահ, հաղորդում է DW-ն:

Անկարայի համար նախատեսված գումարն ամրագրված էր ԵՄ բյուջեում որպես օգնություն Թուրքիային՝ այդ երկրում բարեփոխումներին նպաստելու համար: Նման օգնության տրամադրումը կախված է որոշ պայմաններ կատարելու հետ՝ իրավական պետության կայացման զգալի առաջընթաց, առաջընթաց ԶԼՄ-ների ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Ապրիլին Եվրահանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ Թուրքիան այդ ոլորտներում «զգալիորեն հեռանում է Եվրամիությունից»:

Այժմ այդ գումարը կուղղվի Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրին:

 


© armedia.am