Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև օպերատիվ կապ առայժմ չկա։ Այդ մասին չորեքշաբթի կառավարական ժամի ընթացքում ասել է Հայաստանի վարչապետը` պատասխանելով հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Անցած շաբաթ Դուշանբեից վերադառնալուց հետո Փաշինյանն ասել էր, որ Ալիևի հետ րոշվել է օպերատիվ կապ պահպանել։
Աշոտյանը հետաքրքրվեց Փաշինյանից, թե հաստատվե՞լ է արդյոք այդ կապը և վարչապետը հասցրե՞լ է ինչ-որ մանրամասներ իմանալ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրի մասին, որը գտնվում է ադրբեջանական բանտում:
«Տվյալ պահին դեռ կապ չկա։ Բայց այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ։ Ես ուզում եմ նաև գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է», - հավելել է վարչապետը։
Հայաստանի քաղաքացու ճակատագրի առիթով Փաշինյանը խոստացավ Աշոտյանին ներկայացնել կառավարության համապատասխան ամփոփագիրը։