Ադրբեջանցի ֆուտբոլիստին ստիպել են ներողություն խնդրել Փաշինյանի լուսանկարը համացանցում հավանելու համար

17:59     4 հոկտեմբերի, 2018

Ադրբեջանցի ֆուտբոլիստ Ռենատ Դադաշովը ստիպված է եղել բացատրություն տալ ու ներողություն խնդրել ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը համացանցում հավանելու համար:

Ինչպես գրում է Armsport.am-ը` հղում կատերելով azerisport.com-ին, Դադաշովն արդարացել է, որ լուսանկարն ինքը տեսել է Գերմանիայից իր ընկերներից մեկի՝ հայազգի ռեփեր Լևոյի Instagram-ի էջում և հավանելիս անգամ չի իմացել, թե ով է հրապարակված լուսանկարում:

Ըստ ադրբեջանցի ֆուտբոլիստի՝ դա եղել է դեռևս մայիս ամսին:

«Ես նույնիսկ չգիտեի, թե ով է նա: Միայն այսօր տեսա, որ «լայք» եմ դրել: Դա պատահական ստացվեց, ես չպետք է նման բան անեի: Ես շատ լավ տիրապետում եմ այս հակամարտության պատմությանը, և ամեն բան շատ լավ հասկանում եմ: Ես պատահական եմ հավանել նկարը, ինչի համար շատ զղջում եմ»,- ասել է մարզիկը:

Դադաշովը նաև արդարացել է, որ հայ Լևոյի հետ ծանոթացել է Գերմանիայում, երբ նրանք սովորել են նույն դպրոցում: Նա նշել է, որ նույն դպրոցում սովորել են նաև թուրքեր, գերմանացիներ ու ռուսներ:


© armedia.am