Միլիոնավոր եգիպտացիներ կտուգանվեն ընտրություններին չներկայանալու համար

11:23     9 հոկտեմբերի, 2018

Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովն ավարտում է այս տարվա մարտին կայացած նախագահական ընտրություններում չքվեարկած ընտրողների ցուցակների պատրաստումը՝ գլխավոր դատախազություն հանձնելու համար, հայտնում է եգիպտական «Ալ Վաթան» թերթը:

Վերջինիս տվյալներով՝ ցուցակների հանձնումը դատախազություն իրականացվում է առանց հարգելի պատճառների ընտրատեղամաս չգնացած յուրաքանչյուր քաղաքացուց 500 եգիպտական ֆունտի (28 դոլարի) չափով տուգանքի բռնագանձման համար:

 «Ընտրական հանձնաժողովը պարտավոր է կատարել օրենքը, տուգանքը նորամուծություն չէ, այն վերաբերում է բոլոր ընտրություններին», - «Ալ Վաթանին» ասել է ընտրական հանձնաժողովի ղեկավար Լաշին Իբրահիմը:

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ցուցակներում գրանցված գրեթե 60 միլիոն ընտրողներից ընտրություններին չի ներկայացել 34 միլիոն 823 հազարը:


© armedia.am