Երևանը ջրի քաղաք է, Բաքուն՝ կրակի. Մարությանի կարծիքով` Երևանի այցեքարտը պետք է դառնա ջուրը

17:46     21 հոկտեմբերի, 2018

Հայկ Մարությանը որոշել է անձամբ զբաղվել Երևանում հեծանվային սպորտի ժողովրդականացումով ու անձամբ գլխավորեց  մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված հեծանվավազքը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան: 

Քաղաքապետը Հանրապետության հրապարակից իր դեղին հեծանիվով ուղևորվեց դեպի «Էրեբունի» թանգարան-ամրոց՝ մայրաքաղաքի օրհներգի ներքո։

Մարությանը կոչ արեց քաղաքացիներին ավելի ակտիվ զբաղվել սպորտով, հատկապես, հեծանվասպորտով, որն ինչպես պարզվեց, սիրում են նրա ընտանիքի բոլոր անդամները։

«Կարևոր է գիտակցել, որ հեծանիվը տրանսպորտային միջոց է, որը կարող է օգնել բեռնաթափել Երևանի տրանսպորային ցանցը ու պահպանել շրջակա միջավայրը», — ասաց նա ու ավելացրեց, որ քաղաքային նոր իշխանությունները կանեն ամեն ինչ՝ հեծանիվային մշակույթը զարգացնելու համար։

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ լավագույն նվերը, նրա կարծիքով, «թավշյա հեղափոխությունն» էր։ Նա Երևանին բարեկեցություն ու զարգացում մաղթեց։ Քաղաքապետը խոստացավ նաև վերականգնել բոլոր հին շենքերը, որոնք հնարավոր է վերականգնել։

Մարությանը կարծում է, որ Երևանի այցեքարտը պետք է դառնա ջուրը։

«Կարծում եմ՝ մեր այցեքարտը պետք է դառնան շատրվաններն ու ցայտաղբյուրները։ Երևանը ջրի քաղաք է, Բաքուն՝ կրակի, հետոն՝ ինքներդ գիտեք»,  - ասաց Մարությանը։

 




© armedia.am