Թրամփը կխստացնի ԱՄՆ-ում ապաստան հատկացնելու կարգը

14:26     2 նոյեմբերի, 2018

Միգրանտներին ԱՄՆ-ում ապաստանի տրամադրման նոր պլանը կարող է կատարողական կարգով ընդունվել հաջորդ շաբաթ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Այդ պլանի համաձայն՝ օտարերկրացիներն այլևս անօրինական ճանապարհով երկիր ազատ անցում չեն ստանա՝ տալով ապաստանի որոնումների անհիմն դիմումներ»,- Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է նախագահը: Նա պարզաբանել է, որ պլանի համաձայն, ապաստանի տրամադրման դիմումներն այժմ կարելի կլինի տալ միայն ԱՄՆ մուտք գործելու վայրերում:

Նրա խոսքով՝ բոլոր ապաստան հայցողները, որոնց կբռնեն սահմանն անօրինականորեն հատելիս, կպահվեն վրաններում և չեն ազատվի մինչև դատական քննությունը:

1965 թվականին ընդունված միգրացիայի և քաղաքացիության մասին օրենքում ասվում է, որ ԱՄՆ-ում ցանկացած միգրանտ կարող է ապաստան ստանալու հայց ներկայացնել` անկախ այն բանից թե ինչպես է մուտք գործել երկիր:


© armedia.am