Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ոչ աշխատանքային օրեր կլինեն

16:11     4 նոյեմբերի, 2018

Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ոչ աշխատանքային օրեր կլինեն։ Օրենքում փոփոխություն կատարելու և նախածննդյան տոները (հունվարի 3-5) աշխատանքային դարձնելու վերաբերյալ օրենքի նախագիծը հանվել է շրջանառությունից։ 

 «Կլինի այնպես, ինչպես եղել է նախորդ տարիներին, այդ նախաձեռնությունը քննարկումների փուլ է անցել, բայց հետագայում նախագծին ընթացք չի տրվել, որոշակի պատճառ չկա, պարզապես մոտեցում է փոխվել»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության նախագիծը հետ է վերցվել: Հետևաբար, հիմնական զեկուցողի բացակայության պատճառով ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի՝  օրենքի նախագծի քննարկումը Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել է: 06.06.2018-ին հետաձգված նախագիծը Ազգային ժողովում հանվել է շրջանառությունից:

Աշխատանքային օրերի հետ կապված հետագա հնարավոր փոփոխությունները պետք է կատարվեն կառավարության որոշմամբ։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 31-ին, ըստ Սահմանադրությամբ ամրագրված ժամկետների, կայանալու է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նորընտիր Ազգային Ժողովի անդրանիկ նիստը։


© armedia.am