Հայաստանն Իրանի հարցով բաց երկխոսության մեջ է․ ՀՀ ԱԳՆ

12:38     13 նոյեմբերի, 2018

Հայաստանը բաց երկխոսության մեջ է բոլոր կողմերի հետ՝ Իրանի նկատմամբ պատժամիջողներով պայմանավորված իրավիճակի հետ կապված։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մենք ուշադիր հետևում ենք Իրանի շուրջ պատժամիջոցների հետ կապված զարգացումներին։ Արվում են համապատասխան գնահատականներ, դրանց հիման վրա ձեռնարկվելու են համապատասխան քայլեր»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանը բաց երկխոսության մեջ է գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ՝ «հստակորեն ներկայացնելու մեզ հուզող բոլոր հարցերը և բացատրելու մեր գործողությունների տրամաբանությունը»։

Ըստ ԱԳՆ խոսնակի, երբ տրվի իրադրության համապարփակ գնահատականը, հնարավորություն կլինի նաև ավելի մանրամասն ներկայացնելու Հայաստանի հետագա քայլերը։


© armedia.am