Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության հետաքննությունն ավարտված է. մեղավորը կրկին Գյուլենն է

14:05     16 նոյեմբերի, 2018

Անկարայի հանրապետական դատախազությունն ավարտել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննությունը: Դատախազի կազմած մեղադրական ակտում գլխավոր մեղադրյալ է ներկայացվում Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Այս մասին փոխանցում է tert.am-ը:

Կայքի փոխանցմամբ` «ՀաբերԹյուրք»-ը հայտնում է, որ մեղադրական ակտում տեղ է գտել ևս 27 մեղադրյալի անուն, նրանք մեղադրվել են սահմանադրական կարգի տապալման ու կանխամտածված սպանության համար: 600 էջից կազմված ակտը պետք է հաստատվի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բյուրոյի գլխավոր դատախազների կողմից, ինչից հետո կուղարկվի դատարան:

Հայտնի է նաև, որ դատախազը տվյալ ակտով 28 մեղադրյալի համար պահանջել է ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպանը սպանվել է 2016թ. դեկտեմբերի 19-ին Անկարայում տեղի ունեցած լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ: Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, ով մինչ այդ 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում, սպանվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից:


© armedia.am