Ֆեդերիկա Մոգերինին և Յոհաննես Հանը մեկնում են Անկարա

11:44     20 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 22-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակացությունների հանձնակատար Յոհաննես Հանը կայցելեն Թուրքիա՝ Եվրամիության և Թուրքիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Եվրամիության արտաքին գործողությունների մամլո ծառայությունից:

Թուրքական պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Մևվլութ Չավուշողլուն, ով նաև ԵՄ հարցերի պատասխանատուն է այժմ:

Երկխոսության ընթացքում կքննարկվեն ընդհանուր հետաքրքրության դաշտի հարցեր, այդ թվում արտաքին քաղաքականության այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են զարգացումները Սիրիայում, Իրանում և Իրաքում: Կքննարկվեն նաև ԵՄ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, համագործակցությունը միգրացիայի, ահաբեկչության դեմ պայքարի շուրջ և այլ կարևոր հարցեր:

Հանդիպումից հետո կհետևի նրանց մամլո ասուլիսը:


© armedia.am