ՄԱԿ ԱԽ-ն Ֆրանսիայի և Բրիտանիայի պահանջով կքննարկի Իրանի հրթիռային փորձարկումները

12:20     4 դեկտեմբերի, 2018

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ փակ խորհրդակցություններ կանցկացնի Իրանի հրթիռային փորձարկումների շուրջ: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսիս Մոջասկին:

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը մի քանի մարտագլխիկ կրելու հնարավորությամբ միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի: Ի պատասխան Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին դեկտեմբերի 2-ին հայտարարել է, որ երկիրը կշարունակի հրթիռային փորձարկումները իր պաշտպանունակությունն ամրապնդելու համար:


© armedia.am