Ողջ 2019-ի ընթացքում վառելիքի հարկը Ֆրանսիայում չի բարձրացվի

11:57     6 դեկտեմբերի, 2018

Ֆրանսիայի բնապահպանության նախարար Ֆրանսուա դը Ռյուժին, ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի ուղիղ եթերում, հայտարարել է, որ Ֆրանսիայում ամբողջ հաջորդ տարվա ընթացքում վառելիքի հարկը չի բարձրացվի: 

«Վառելիքի հարկի բարձրացումը չեղյալ է հայտարարված ամբողջ 2019 թվականի համար», - aysor.am-ի փոխանցմամբ՝ նշել է բնապահպանության նախարարը:

Երեքշաբթի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել էր այն միջոցների մասին, որոնք կառավարությունը ձեռնարկում է ի պատասխան «դեղին բաճկոնների» շարժման  պահանջների: Նա տեղեկացրել էր, որ 6 ամսով հետաձգվում է բենզինի և դիզելային վառելիքի լրացուցիչ հարկի սահմանումը, չեղյալ է հայտարարվում ավտոմեքենաների տեխնիկական զննության արժեքի բարձրացումը և ժամանակավորապես սառեցվում են էլեկտրաէներգիայի և գազի սակագները:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը` Ազգային ժողովը,  չորեքշաբթի  հավանություն է տվել կառավարության առաջարկած հարկային միջոցառումների փաթեթին: Հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը պետք է հայտնի արդեն Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը:


© armedia.am