Անկարան կշարունակի համագործակցությունը Թեհրանի հետ` չնայած ԱՄՆ–ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, ով այցով Թուրքիայում է գտնվում:
«Այն դեպքում, երբ Իրանի վրա փորձում են պատժամիջոցներ դնել, այս այցը հատուկ նշանակություն է ստանում։ ՌԴ–ի և Իրանի մասնակցությամբ մենք սկսել ենք Սիրիայի վերաբերյալ Աստանայի գործընթացը, հավատում ենք, որ այն խաղաղություն կբերի տարածաշրջանում։ ԱՄՆ դուրս գալն միջուկային համաձայնագրից ճիշտ չենք համարում։ Այդ որոշումն ավելացնում է ռիսկերը տարածաշրջանում տիրող իրավիճակի համար, մենք հավանություն չենք տալիս դրան։ Կշարունակենք լինել Իրանի կողքին այն ժամանակ, երբ նրա դեմ անարդարացի որոշումներ են կայացնում»,– նշել է Էրդողանը։