Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում անդրադարձել է Հայաստանում անցկացված ընտրություններին և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, հայտնում է News.am-ը:
Կարո Փայլանը նշել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել են ապրիլին թավշյա հեղափոխությամբ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը և ընկերները՝ 70 տոկոս քվե ստանալով:
«Թուրքիայի ազգային ժողովից շնորհավորում եմ ժողովրդավարական ընտրություն անցկացրած Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին։ Ընտրություններից անմիջապես հետո պարոն Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։ Հուսով եմ, որ Թուրքիան էլ «պատրաստ եմ» պատասխանն է տվել։
Այստեղից Թուրքիայի խորհրդարանի նախագահին և երկրի նախագահին կոչ եմ անում կառուցողական պատասխան տալ Հայաստանի վարչապետին։ Հավատում եմ, որ Հայաստանի հետ չլուծված խնդիրներ չունենք»,– նշել է Փայլանը՝ վերջում հայերենով ավելացրել. «Նիկոլ Փաշինյանին և ընկերներին հաջողություն եմ մաղթում»։