Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի դուստրերը ներգրավված են եղել փողերի լվացման մեծ ռիսկեր պարունակող գործունեության մեջ, հաղորդում է The Guardian-ը։
Հաղորդագրության համաձայն, Լեյլա և Արզու Ալիևաները համաձայնել են Լոնդոնում գնել 60մլն ֆունտ սթերլինգ արժեցող էլիտար սեփականություն՝ օգտվելով գաղտնի օֆշորային ընկերությունից։
Աղբյուրի համաձայն, Ալիևի դուստրերը ցանկացել են ձեռք բերել Լոնդոնի Նայթսբրիջ արվարձանում գտնվող 2 բնակարանները՝ 59,5մլն ֆունթ սթերլինգով՝ այն 1 բնակարանի վերածելու նպատակով, որը գտնվում էր Բուքինգհեմյան պալատի մոտակայքում։ Գործարքը 2015թ․-ին նախատեսում էր համալրել Իլհամ Ալիևի՝ Բրիտանիայում ունեցած բազմամիլիոն սեփականությունների շարքը։
Գնումը նախաձեռնել է Լեյլա Ալիևան այն ժամանակ, երբ նա բաժանվում էր ամուսնուց՝ ադրբեջանցի գործարար ու փոփ-աստղ Էմին Ագալարովից։ Բնակարանների ձեռբերման համար նախատեսվում էր օգտագործել օֆշորային ընկերությունը, որը բրիտանական Child & Child ընկերության իրավաբան Խալիդ Շարիֆը գնել էր պանամական Mossack Fonseca ընկերությունից։
Այս մանրամասները հայտնվել են Բրիտանիայի կարգապահական տրիբունալում, որտեղ Խալիդը խոստովանել է, որ չի կատարել փողերի լվացման ստուգում և խախտել է մասնագիտական վարքագծի կանոնները։ Տրիբունալը նրան տուգանել է 85 հազար ֆունտ սթերլինգով։
Նշվում է, որ իրավաբանը Բրիտանիայում առաջին մասնագետն է, ով պատժվում է 2016թ․-ի ապրիլին Guardian-ի և այլ ԶԼՄ-ների կողմից Պանամական թղթերի հրապարակումից հետո։
Գործով նշվում է, որ պայմանագրերի փոխանակումից հետո Ալիևա քույրերը սկսել են վճարումներ կատարել՝ փոխանցելով ավելի քան 10մլն ֆունթ սթերլիգ։ Սակայն գործարքը չեղարկվել է 2016թ․-ին։