Հայաստանի մասին հոդվածը՝ BBC-ի ռուսական տարբերակի լավագույն տասնյակում

09:03     23 դեկտեմբերի, 2018

«Փոքր երկիր՝ մեծ հոգևոր պատմությամբ»  խորագրով Հայաստանի մասին հոդվածը տեղ է գտել BBC Travel-ի և  BBC Future-ի  լրագրողների ու հեղինակների 2018թ. ամենատարածված հոդվածների տասնյակում, հայտնում է BBC-ն։

«Հայաստանը փոքր երկիր է։ Նրա բնակչությունը ներկայում մոտ 3 միլիոն է։ Բայց Հայաստանի դերը աշխարհի հոգևոր պատմության մեջ դժվար է գերագնահատել. պատմաբանների մեծ մասը համակարծիք է, որ մ.թ. 301 թվականին Հայաստանը դարձել է աշխարհում առաջին քրիստոնեական պետությունը»,- նշվում է հոդվածում։

Լրագրող Ամանդա Փրոենսա Սանթոսի հոդվածը պատմում է Հայաստանում քրիստոնեության ընդունման, Գրիգոր Լուսավորչի, Խոր Վիրապի, Սուրբ Գայանե վանքի, Գեղարդի, Գառնիի հեթանոսական տաճարի և Հայաստանի շատ այլ սրբությունների մասին։

Պարբերականի թոփ-տասնյակում տեղ են գտել նաև պատմություններ ճապոնական Սիկոկու («Այանո-սան ի- եյո-կակասի») կղզու, Հարավսլավիայի («Առասպելական երկրի նոստալգիա»), «Տիտանիկի» արշավախմբին մասնակցության («Քանի դեռ մանրէները «Տիտանիկի» վերջը չեն տվել») և այլնի մասին։ 


© armedia.am