Թերեզա Մեյը Brexit-ի շուրջ կառավարության արտահերթ նիստ կանցկացնի հունվարի 2-ին. Financial Times

18:10     24 դեկտեմբերի, 2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կրճատել է նախարարների` Սուրբծննդյան արձակուրդը` հունվարի 2-ին «կոշտ» Brexit-ի (no deal Brexit` ԵՄ-ից  դուրս գալ առանց գործարքի) վերաբերյալ արտահերթ նիստ անցկացնելու նպատակով: Այս մասին հաղորդում է Financial Times թերթը:

Չպլանավորված հանդիպումը հրավիրվել է, որպեսզի գործողությունների ծրագիր մշակվի Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ հունվարի 9-ին բրիտանական խորհրդարանում վերսկսվող երկօրյա բանավեճերի նախաշեմին: Գործարքի շուրջ քվեարկության ամսաթիվը դեռևս հայտնի չէ: Սկզբնապես քվեարկությունը պետք է կայանար դեկտեմբերի 11-ին, սակայն Մեյն այն տեղափոխեց հունվար` Համայնքների պալատում ակնհայտորեն դրա աջակցությունը չունենալու պատճառով:


© armedia.am