ԵԱՏՄ տարածքում այլևս պարտադիր է ԳՄՕ պարունակող մթերքների մակնշումը

11:57     26 դեկտեմբերի, 2018

Եվրասիական տնտեսական միության տարածքում դեկտեմբերի 26-ից  ուժի մեջ են մտնում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ մակնշման նոր նորմերը գնորդներին հնարավորություն կտան սննդի ավելի գիտակցված և ճիշտ ընտրություն կատարել:

ԵԱՏՄ միասնական շուկայում շրջանառվող և գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող ապրանքների վրա ԵԱՏՄ շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կողքին խոշոր տառատեսակով կտպագրվի ԳՄՕ գրառումը:  ԳՄՕ գրառումը պետք է համապատասխանի ԵԱՏՄ շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի ձևին և չափսերին:

Փոփոխությունների առաջարկով հանդես է եկել «Ռոսպոտրեբնադզոր»-ը՝ հաշվի առնելով սպառողների ցանկությունը: Փաստաթուղթն անցել է բոլոր անհրաժեծտ գործընթացները՝ ներառյալ հանրային քննարկումներն ու ԵԱՏՄ անդամ երկրներում ներպետական համաձայնությունները:


© armedia.am