ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ռուսական «Վեդոմոստի» թերթի ընթերցողների քվեարկության արդյունքներով ճանաչվել է 2018 թվականի «Տարվա քաղաքական գործիչ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
«Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր» այլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն:
Երկուսի միջև սարերի ու ձորերի տարբերություն կա»,- գրել է Փաշինյանը:
Նշենք, որ տարվա քաղաքական գործչի մյուս թեկնածուներն են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը և Հակասիայի Հանրապետության նախագահ Վալենտին Կոնովալովը: