Համաշխարհային տնտեսությունն անցնող տարում ապրեց տարատեսակ երևույթներ՝ անսպասելի դրական ու բացասական շրջադարձերով, դարի հաշտության դեպքով, փոխհարաբերությունների՝ մինչև անգամ տնտեսական պատերազմների ու խաղաղության դրսևորումներով: Ամփոփելով համաշխարհային տնտեսության անցնող տարին՝ առանձնացնենք մի քանի ընդգծված երևույթներ, որոնք հայտնվեցին նշանակալի իրադարձությունների առանցքում:
Դարի հաշտեցումն ՝ ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի միջև տեղի ունեցավ անցնող տարվա սկզբում: Հաշտությունը երկու երկրների միջև դրական ֆոն ստեղծեց ֆինանսական շուկաներում. Ֆոնդային բորսաներում առևտուրն ակտիվացավ:
Դրական ֆոնին գումարվեց ԱՄՆ և Չինաստանի միջև առևտրային անհամաձայնությունների շուրջ թվացյալ համատեղ հայտարարի գալը: Ինչու թվացյալ, որովհետև շատ չանցած, ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը որոշեց, որ Չինաստանը խախտում է առևտրային նորմերն ու չինական ապրանքների նկատմամբ սահմանեց 25% -անոց մաքսավճար: Պատասխանը չուշացավ. Չինաստանը համաչափ պատժամիջոցներ կիրառեց ԱՄՆ նկատմամբ: Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում երկու երկրների ղեկավարները կրկին հաշտվեցին, համաշխարհային ֆինանսական շուկաներում կրկին աշխուժություն մտավ, սակայն լարվածություն կրկին առաջացավ՝ կապված ԱՄՆ պատվերով Կանադայում Huawei-ի տնօրենի ձերբակալության հետ: Սպասվում է, որ 2019-ին առևտրային խաղը կունենա շարունակություն:
ԵՄ ավելի շատ երկրները սկսեցին հրաժարվել Միության բյուջետային պահանջներից: Հունական ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումների՝ ԵՄ կողմից հայտարարված հաղթական ավարտից հետո Եվրամիության ավելի շատ երկրներ սկսեցին դժգոհել դրա դիմաց իրենց վճարներից: Մասնավորապես խոսքը վերաբերում է Եվրամիության կողմից բյուջետային պահանջներին, որոնք ենթադրում են սոցիալական վճարների կրճատումներ:
Սրան գումարած Brexit-ի գործընթացը ևս Եվրամիության կայունությանը հարված հասցրեց:
Դեդորալիզացիայի գործընթացները ևս 2018-ի առանցքային իրադարձություններից են: Ավելի շատ երկրներ սկսեցին քննարկել արտաքին գործարքներում դոլարից հրաժարվելու մասին: Պատճառներից հիմնականը՝ ամերիկյան պատժամիջոցներն են Իրանի ու Իրանի հետ գործարքի մեջ մտնող կազմակերպությունների նկատմամբ:
Անկումը թվային հարթակում ևս 2018-ի տարեվերջյան անհանգստություններից մեկն էր. ի տարբերություն նախորդ տարվա վերջին, երբ կրիպտոարժույթների աննախադեպ աճ էր գրանցվեց, ինչի արդյունքում մեծացավ դրանց նկատմամբ վերահսկողության ու կարգավորիչների ստեղծման անհրաժեշտությունը, անցնող տարվա վերջին դրանց անկում է նկատվում: