Էրդողանը քրդերի մասին Բոլթոնի արած հայտարարությունն «անընդունելի» է համարում

22:09     8 հունվարի, 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն անընդունելի է համարել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: 

Ավելի վաղ Բոլթոնն ասել էր, որ ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետը Սիրիայում կախված է երկրում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման մնացած զինյալներին վերացնելու և քրդական ինքնապաշտպանական ուժերի անվտանգությունն ապահովելու հետ: Բոլթոնի խոսքով` ԱՄՆ-ն պետք է Թուրքիայից երաշխիքներ ստանա, որ Սիրիայի քրդերի վրա հարձակումներ չեն լինի և նրանց անվտանգությունը կապահովվի: 

«Բոլթոնը մեծ սխալ է թույլ տալիս. նրա հայտարարությունն անընդունելի է: Ահաբեկչական կազմակերպությունները  չեն ներկայացնում քրդերին: Նրանք, ովքեր ստեր են տարածում այն մասին, թե Թուրքիան Սիրիայում սպանում է քրդերին, պարզապես փորձում են խաղալ համաշխարհային հանրության տրամադրությունների հետ»,- ասել է Էրդողանը:

Նա հավելել է, որ «Թուրքիան շուտով որոշիչ գործողությունների կդիմի` Սիրիայում ահաբեկիչներին չեզոքացնելու համար»:

Նշենք, որ Թուրքիայի նախագահը Բոլթոնի այս հայտարարությունից հետո Անկարայում չեղարկել է վերջինիս հետ հանդիպումը: ԱՄՆ նախագահի խորհրդականը Թուրքիայից հեռացել է նախատեսված ժամանակից շուտ: 


© armedia.am