Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել երկկողմ համագործակցությունը՝ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման համատեքստում

10:46     16 հունվարի, 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ կատարելիք այցի շրջանակներում մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել երկկողմ համագործակցության խնդիրները Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման համատեքստում: Այս մասին երեքշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը: 

«Հունվարի 23-ին կայանալիք մեկօրյա այցի ընթացքում նախագահ Էրդողանը կքննարկի նաև իրավիճակը Իդլիբում և համագործակցությունը ՌԴ-ի հետ՝ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման որոշման հետ կապված», - ասել է Կալինը:

Վերջինս տեղեկացրել է նաև, որ Սիրիայի հյուսիսում բուֆերային տարածքի ստեղծման պարագայում դրա նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու է Թուրքիան: 


© armedia.am