Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը քաղաքական խաղ է որակել ԱՄՆ-ի կողմից Press TV հեռուստաալիքի լրագրողուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալությունը և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրան: Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը:
«Հաշեմիի ձերբակալությունը ԱՄՆ-ի կողմից անընդունելի քաղաքական քայլ է և խոսքի ազատության ուղղակի խախտում է և անմեղ մարդու նկատմամբ քաղաքական լիազորությունների չարաշահում: ԱՄՆ-ը պարտավոր է անհապաղ ազատել նրան»,- ասել է Զարիֆը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող լրագրողուհին «նաև Իրանի քաղաքացի է, ուստի Թեհրանն իրավունք ունի պաշտպանել նրա շահերը»:
Նշենք, որ Հաշեմին ծնվել է ԱՄՆ-ում: Նա ձերբակալվել է ԱՄՆ ժամանելուց անմիջապես հետո օդանավակայանում: Նա ուղևորվել էր ԱՄՆ-ը՝ տեսակցելու հիվանդ եղբորն ու մյուս հարազատներին: Ձերբակալման պատճառների մասին դեռևս պաշտոնապես չի հաղորդվել: