ՀՀ նախագահը հույս է հայտնել առաջիկայում ներկա գտնվել Հենրիխ Մխիթարյանի խաղերից մեկին

15:04     23 հունվարի, 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ֆուտբոլի Հայաստանի Ազգային Հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից` նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ:

Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մխիթարյանի ապաքինման ընթացքով, հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտ և վերստին ուրախություն կպարգևի ֆուտբոլասերներին:

Որպես Լոնդոնի «Արսենալ»-ի երկար տարիների երկրպագու` նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա ներկա գտնվել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերից մեկին:

 

 


© armedia.am