Թրամփն իր թվիթերյան գրառումներով սպառնալիք է դարձել ազգային անվտանգության համար. Ջոն Քերի

12:37     31 հունվարի, 2019

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունն ու հայտարարել, որ նա «խայտառակում է երկիրը միջազգային ասպարեզում»: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

«Այս նախագահի կողմից դիվանագիտության լիարժեք անտեսումը խայտառակում է մեր երկիրը միջազգային ասպարեզում, նա խաթարում է մեր ժողովրդավարության հիմքերը: Նա բաժանել է մեզ միմյանցից տանը (ԱՄՆ-ում - խմբ.) և մեկուսացրել Ամերիկան աշխարհում՝ հետ շպրտելով մեզ և դրանով իսկ վտանգելով մեր ինստիտուտներն ու դաշինքները, որոնք ամերիկացի առաջնորդները կառուցել են Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած՝ աշխարհը միավորելու համար», - գրել է նա Դեմոկրատական կուսակցության իր կողմնակիցներից մեկին ուղղված նամակում:

«Իմ պետական ծառայության տասնամյակների ընթացքում երբևէ չեմ տեսել այնպիսի վտանգավոր և միասնությունը խաթարող նախագահ, ինչպիսին Դոնալդ Թրամփն է, ինչպես նաև չեմ տեսել, որ նախագահն իր թվիթերյան գրառումների շնորհիվ սպառնալիք դառնա ազգային անվտանգության համար», - նշել է Քերին:

Այս կապակցությամբ նա կոչ է արել Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներին ներդրումներ կատարել 2020թ.-ի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի կազմակերպման համար:


© armedia.am