Նախագահ Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության 2019թ. անդրանիկ նիստը

15:34     1 փետրվարի, 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: 
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իր ելույթում Նախագահն ամփոփել է 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, նախանշել՝ 2019 թվականի անելիքները` համապատասխան հանձնարարականներ տալով դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ: 
Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախորդ տարի, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը և ապահովել տնտեսության զարգացումը: 
Երկրի ղեկավարը նշել է, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է շուրջ 303 միլիարդ դրամ, ապահովվել է երկնիշ տնտեսական աճ, որի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես` հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտներում գրանցված առաջընթացը:
Նախագահը դրական է որակել այն հանգամանքը, որ տարին փակվել է առանց ֆինանսական պարտավորությունների գրանցման: 
Նախագահ Սահակյանը կարևոր ձեռքբերումներից է համարել նաև այն, որ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ապահովվել է ոչ միայն ինքնաբավություն, այլ նաև արտահանման հնարավորություն:
«Տնտեսության դինամիկ զարգացման կարևոր խթանիչներից է համապատասխան գործարար միջավայրի ստեղծումը, պահպանումը և զարգացումը, փոքր և միջին բիզնեսի համար նպաստավոր դաշտի ձևավորումը: Արցախի Հանրապետության գործարար միջավայրը մրցակցային առավելություն դարձնելը մեր տնտեսական քաղաքականության առանցքային թիրախներից է», - իր ելույթում ընդգծել է Բակո Սահակյանը: 
Նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետությունը սոցիալական պետություն է, և սոցիալական ոլորտը մշտապես առաջնային տեղ է զբաղեցնում երկրի զարգացման օրակարգում, նշելով, որ պետությունը կշարունակի տարբեր ծրագրեր իրականացնել բնակչության սոցիալ-տնտեսական բարեկեցության բարձրացման ուղղությամբ` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալապես խոցելի խավերի, հատկապես՝ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, բազմազավակ և անապահով ընտանիքների կյանքի որակի բարելավումը:
Անդրադառնալով 2019 թվականի անելիքներին` երկրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը բոլոր նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման համար` շեշտելով պետական ռեսուրսների օպտիմալացման ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:


© armedia.am