Պուտինը հայտարարել է ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին

19:10     2 փետրվարի, 2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև կնքված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մեր պատասխանը հայելային կլինի: Ամերիկացի գործընկերները հայտարարել են այն մասին, որ իրենք կասեցնում են իրենց մասնակցությունը պայմանագրին, մենք էլ ենք կասեցնում»,- ասել է Պուտինը ՌԴ արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը:

Նա նաև հանձնարարել է դադարեցնել պայմանագրի պահպանման հարցով բանակցություններ նախաձեռնելու փորձերը, փոխանցում է Tert.am-ը:

«Բանակցությունների համար դռները բաց են: Միևնույն ժամանակ խնդրում եմ 2 գերատեսչություններին այս խնդրի շուրջ ոչ մի բանակցություն չնախաձեռնել»,- ասել է նա:


© armedia.am