Դելիում Միջազգային խոհանոցի փառատոնին մասնակցեց նաև Հայաստանը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

15:29     4 փետրվարի, 2019

Հունվարի 26-ին՝ Հնդկաստանի Հանրապետության օրը, Նյու Դելիի Ջավահարլալ Ներուի անվան համալսարանում տեղի ունեցավ Միջազգային խոհանոցի ամենամյա փառատոնը, որի ժամանակ համալսարանի օտարերկրյա ուսանողները ներկայացնում են իրենց երկրի կերակրատեսակները: Այս անգամ այն կազմակերպված էր ավելի հանդիսավոր և շուքով, քանի որ նվիրված էր համալսարանի հիմնադրման 50-ամյակին:

Մասնակից երկրների թվում էին Հայաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Չինաստանը, Սիրիան, Եգիպտոսը, Կորեան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Նեպալը, Աֆղանստանը և այլն:

Դելիի Հայկական մշակութային կենտրոնը ձևավորել էր Հայաստանի տաղավարը հայկական դրոշով, նկարներով, հուշանվերներով: Կենտրոնի անդամները պատրաստել էին ազգային խոհանոցի համեղ խորտիկներից, այդ թվում՝ թփով և կաղամբով տոլմա, պասուց տոլմա, ընկույզով սմբուկ, գաթա և այլ քաղցրեղեն:

Հայաստանի տաղավարը փառատոնի ողջ ընթացքում մարդաշատ էր: Բոլորն էլ ցանկանում էին համտեսել հայկական ուտեստներից, որոնք գրավում էին իրենց գեղեցիկ ու  հրապուրիչ տեսքով և ախորժելի բույրով:

Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ համերգ տարբեր երկրների մասնակիցների կատարմամբ, ողջույնի խոսքով հանդես եկան համալսարանի ղեկավարությունը և մի շարք երկրների դեսպանները:

Համալսարանական ավանի տարածքում մինչ ուշ գիշեր հնչում էր աշխարհի տարբեր վայրերի երաժշտությունը, խոսքը, որոնց միախառնվում էին ավանի ջունգլիներում բնակվող բազմաթիվ սիրամարգերի, թութակների և այլ թռչունների կանչերը:

Նաիրա Ս. Մկրտչյան (ք. Նյու Դելի)


© armedia.am