Ադրբեջանցի լրագրողների թիմն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր

20:02     5 փետրվարի, 2019

Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր աշխատանքային թիմի հետ գտնվում է Հայաստանում, հաղորդում է Panorama.am-ը:

ՀՀ արտգործնախարարության կողմից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները մի քանի օր տևած այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել քաղաքական գործիչների և լրագրողների հետ։

«Ermenihaber.am»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի լրագրողների թիմն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ի դեպ, Հաջիևի այցին Facebook-ի իր անձնական էջում անդրադարձել է նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։ Նա լուսանկար է հրապարակել ադրբեջանցի լրագրողի հետ՝ մանրամասնելով, որ  հարցազրույց է տվել Հաջիևին և վերջինս խոստացել է, որ ոչ մի կերպ չի աղավաղի Պողոսյանի խոսքերը։

Հրապարակման մեկնաբանություններում Թևան Պողոսյանը նշել է նաև, որ ադրբեջանցի լրագրողը նպատակ ունի «հասկանալ Հայաստանի հանրային կարծիքը»։

Նշենք, որ Հաջիևը սոցցանցերի իր էջերում Հայաստանում գտնվելու վերաբերյալ որևէ հրապարակում առայժմ չի արել։ «Turan» գործակալությունն այսօր այցի մասին որոշ տվյալներ է հրապարակել։
Ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ խմբագիրը Հայաստան է գործոըղվել Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան մարմինների իմացությամբ։ Հաջիևին Հայաստանում ուղեկցում են ասիստենտներ Վրաստանից ու Ռուսաստանից։

Հայաստանում ադրբեջանցի լրագրողը ռեպորտաժներ է պատրաստելու, հարցազրույցներ է անելու տարբեր քաղաքական գործիչների ու փորձագետների հետ։ Ռեպորտաժներում անդրադարձ է կատարվելու ԼՂ կարգավորման հարցին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Նյութերը հրապարակվելու են Turan և Contact լրատվամիջոցներում։

Ի դեպ, Turan-ի խմբագրությունը խնդրում է, որևէ հավելյալ տեղեկատվություն չավելացնել գործուղման նպատակների մասին։

 


© armedia.am