Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը. Դավիթ Բաբայան

16:59     6 փետրվարի, 2019

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեի ազատ արձակմանը: 

«Մի քանի օր առաջ ազատ է արձակվել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, ով երկու տարի առաջ ապօրինի հատել էր Արցախի սահմանը: Իհարկե, դա միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից, բայց նման քայլն առաջին հերթին օրենքի պահանջ էր, քանի որ իր պատիժը կրելուց հետո ցանկացած անձ՝ անկախ ազգությունից, կրոնից և քաղաքական աշխարհայացքներից, պետք է ազատ արձակվի:

Բացի դրանից, այսպիսի մոտեցումը համահունչ է նաև հայոց ազգային արժեհամակարգին և աշխարհայացքին: Մեր ժողովուրդը հայրենասեր է, բայց երբևիցե նացիստ կամ ֆաշիստ չի եղել, գաղափարներ, որոնք հանդիսանում են Ադրբեջանի պետականաշինության հիմքը:

Իսկ ինչպիսի՞նն էր Ադրբեջանի պատասխանը: Այն ամբողջովին կանխատեսելի էր: Բաքուն միջազգային հետախուզում հայտարարեց նրա նկատմամբ: Ի՞նչն էր պատճառը: 


1. Նախևառաջ այդ անձն ի սկզբանե չի ցանկացել վերադառնալ Ադրբեջան՝ չտեսնելով այնտեղ որևէ հեռանկար իր ապագայի համար:

2. Անուն-ազգանունից երևում է, որ Էլնուր Հուսեյնզադեն զտարյուն թուրք չէ:

Այս հանգամանքները ցանկացած ֆաշիստական երկրում բավարար հիմք են հանդիսանում մարդուն հետապնդելու, բանտարկելու և սպանելու համար: Այդպիսի օրինակներն Ադրբեջանում բազմաթիվ են:

Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը, այնտեղ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումը, իսլամական արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, պետության ահաբեկչական էությունը»:


© armedia.am