Բոլորս կոչված ենք ընդառաջ գնալ Քրիստոսին. քահանան` Տեառնընդառաջի մասին

18:50     13 փետրվարի, 2019

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ 

Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է դարեր շարունակ։

«Արմեդիա ՏՎԳ»-ն  տոնի հետ կապված զրուցել է Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:

- Տեր Հայր, ո՞րն է Տեառնընդառաջի խորհուրդը:

- Տոնի խորհուրդը թաքնված է հենց անվան մեջ` Տիրոջն ընդառաջ գնալ: Ինչպես որ Սիմեոն ծերունին ընդառաջ գնաց մանուկ Հիսուս Քրիստոսին, գրկեց նրան ու փառաբանեց Աստծուն, այնպես էլ մենք բոլորս կոչված ենք լինել Քրիստոսի հետևորդներ, ընդառաջ գնալ Քրիստոսին: Մեր առաքելությունն է Քրիստոսին ընդունել մեր սրտում, մեր հոգում փառաբանել Աստծուն մեր բարի գործերով, մեր հավատով, Ավետարանի ճանապարհով, պատվիրանապահությամբ, ազնվությամբ, քաջությամբ, բարոյական և ավետարանական ճշմարտություններով:

- Ի՞նչ խորհուրդ ունի Տեառնընդառաջի տոնին կրակի շուրջ պտտվելը, կրակի վրայից թռչելը:

- Դրանք հիմնականում ժողովրդական խաղեր ու ավանդույթներ են, որոնք հոգևոր ոչ մի իմաստ չունեն: Հատկապես, եթե մենք դրանց մեջ գուշակություն ենք տեսնում, ապա դա դատապարտելի և անընդունելի է:

- Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողին:

- Մեր բոլոր ձեռքբերումները, նախաձեռնությունները, մտորումները, որոնք կոչված են մեր հայրենիքի շինության, եկեղեցու պայծառության, մեր հոգիների փրկության, թող Աստված այս ճանապարհին մեզ հաստատուն պահի:

Զրուցեց Ռոզի Միքայելյանը


© armedia.am