Յունկերն ակնկալում է, որ Թրամփն իր խոսքը կկատարի

09:30     19 փետրվարի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին խոստացել է, որ առայժմ եվրոպական ավտոմեքենաների ներկրման համար լրացուցիչ տուրքեր չի սահմանի։ Այս մասին հայտարարել է Յունկերը, հաղորդում է Reuters-ը։

«Թրամփն ինձ խոստացել է, որ առայժմ ավտոմեքենաների վրա որևէ տուրք չի լինի։ Ես այդ խոստումը դիտարկում եմ որպես մի բան, որի վրա դուք կարող եք հույս դնել»,- Stuttgarter Zeitung թերթին ասել է Յունկերը։ Նա չի հստակեցրել, թե երբ է Թրամփը խոստացել։ Նրա խոսքերով` եթե Թրամփը տուրքեր սահմանի եվրոպական ավտոմեքենաների վրա, ԵՄ-ն անհապաղ կարձագանքի և իրեն պարտավորված չի զգա կատարելու ԱՄՆ-ից ավելի շատ սոյա և հեղուկ գազ գնելու իր խոստումը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ-ն ուզում է բարելավել առևտրային հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, սակայն անմիջապես կարձագանքի, եթե Թրամփը որոշի տուրքեր սահմանել։


© armedia.am