Աժ-ում Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

17:30     19 փետրվարի, 2019

ՀՀ Ազգային ժողովում բացվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված նկարիչ Արմեն Լոռենցի նկարների ցուցահանդեսը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, բացման արարողությանը ներկաներին խոսք է հղել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Կարծում եմ՝ շատ հատկանշական է, որ Թումանյանի ծննդյան տարեդարձը նշանավորում ենք լոռեցի նկարչի Լոռվա բնապատկերներով: Սիրով ընդունեցի այս նախաձեռնությունը»,-ասել է  Միրզոյանը:

Ցուցահանեսի նախաձեռնության հեղինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատել է, որ երկրի գրեթե ողջ քաղաքական էլիտան գտնվում է Թումանյանի ծննդավայրում՝ Դսեղում: «Եվ շատ ուրախ եմ, որ Երևանում օրենսդիր իշխանության տանը տոնում ենք Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակը»,-ասել է Մարուքյանը:

«Ես թեև Երևանում եմ, սակայն սիրտս Թումանյանի Լոռվա լեռներում է։ Թումանյանը մեծ բարեգործ է  եղել:  Եվ ես որոշել եմ այս տարվա իմ ցուցահանդես-վաճառքներից ստացված ողջ հասույթն ուղղել իր ծննդավայրի՝ Թումանյանի դպրոցին»,-նշել է Լոռենցը:

Նկարները դեռ կախված կմնան Ազգային ժողովի պատերին: 

 

 

 


© armedia.am