Զախարովան ծաղրել է Պուտինի ուղերձին ՆԱՏՕ-ի արձագանքը

11:40     21 փետրվարի, 2019

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ՆԱՏՕ-ի մամուլի և լրատվության ղեկավար Պիրս Կազալեթի հայտարարությունը՝ կապված Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի հետ, փոխանցում է Panorama.am-ը, հղում կատարելով ՌԻԱ Նովոստիին:

Զախարովան «արևմտյան գործընկերներին» կոչ է արել  «չնյարդայնանալ»: Նրա խոսքերով, Արևմուտքը բազմիցս հայտարարել է, որ նոր ռուսական զենքը վտանգ չի ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրների համար և  դրանք անվանել էին «մուլտֆիլմեր»:

«Ինչու միանգամից այդպես անհանգստանալ։ Ուղիղ մեկ տարի առաջ արևմտյան գործընկերները հայտարարում էին, որ չպետք է վախենալ զենքերի վերջին տեսակներով «ռուսական մուլտֆիլմերից»,  որ այդ ամենը Կրեմլի բլեֆն է» - գրել է Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի գործողությունները միայն պատասխանն են դաշինքի գործողություններին, մասնավորապես, ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, ու հավելել, որ Մոսկվան չի պատրաստվում համակերպվել «գործընկերների ագրեսիվ գործողությունների» հետ:


© armedia.am