Երբեմնի բյուրեղյա մաքուր Հորդանան գետի երկայնքով իսրայելական իշխանություններն արդեն վաղուց փակցրել են զգուշացնող ցուցանակ. "Թունավոր թափոններ. վտանգավոր է կյանքի համար":
Թվում է՝ սա սովորական լուր է տեղեկատվության մեծ հոսքից, սակայն խոսքը սրբազան գետի մասին է, որտեղ մինչ օրս իրականացվում է ուխտագնացություն:
Իսրայելի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Սիլվան Շալոմը հանդիպել է Թել Ավիվում Ավտրալիայի դեսպան Անդրեա Ֆոլքների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև համագործակցությունը էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հորդանան գետի վերականգնման կարևորագույն հարցին: Այս նախագծով զբաղվում է տարածաշրջանային համագործակցության նախարարությունը, որի ղեկավար հանդիսանում է Սիլվան Շալոմը: Հորդանանի վերականգնումը ներառում է ոչ միայն գետի ջրերի մաքրման խնդիրը, այլև դրա ափերինը գետի երկու կողմերում:
Տվյալ նախագծի մեջ ներդրվել է ավելի քան միլիոն շեքել: Դրա գլխավոր նպատակն զբոսաշրջիկներին գրավելն է, ջրի որակիը բարձրացնելը և շրջակա միջավայրը պահպանելը:
Դեսպանը հայտնել է Ավստրալիայի կառավարության հետաքրքրվածությունը տվյալ նախագիծը կյանքի կոչելու հարցում, ինչպես նաև ավստրալական կողմի պատրաստակմությունը մասնակցելու այդ գործին:
Տեղեկանք
Հորդանան. գետ Մերձավոր Արևելքում: Սկիզբ է առնում Ջաբալ աշ Շեյխ (Հերմոն) լեռնաշղթայից, հոսում Գհոր տեկտոնական իջվածքով, Խուլա և Տիբերիադի լճերի միջով, թափվում Մեռյալ ծովը։ Ստորին հատվածում հանդիսանում է Իսրայելի և Հորդանանի միջև բնական սահմանը: Երկարությունը 252 կմ է։
Մի ժամանակ Հորդանան գետի հովտում կանաչ անտառներ էին: Այժմ այստեղ երբեմնի բնական շքեղությունից գրեթե ոչինչ չի մնացել:
Այս գետը հիշատակվում է Աստվածաշնչում: Համաձայն Ավետարանի, Հորդանան գետի ջրերում մկրտվել է Հիսուս Քրիստոսը: Այդ իսկ պատճառով, քրիստոնյաները Հորդանան գետին վերաբերում են որպես սուրբ գետի:
Հիսուսի մկրտության վայր ուխտագնացությունը հավատացյալների շրջանում զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկն է համարվում: Սկսած IV
դարից՝ այդ վայրը համարվում է Հորդանան գետի հյուսիսային հատվածը:
Սակայն Քրիստոսի մկրտության հատված ուխտագնացներին թույլ են տալիս այցելել տարեկան միայն երկու անգամ:
Նման սահմանափակումների պատճառը ոչ թե կրոնական ավանդույթներն են, այլ երկու պետությունների՝ Իսրայելի և Հորդանանի Թագավորության միջև հարաբերությունները:
Բանն այն է, որ այս երկու պետությունների պետական սահմանն անցնում է Հորդանան գետի ջրերի հենց այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել Քրիստոսի մկրտությունը: Այդ իսկ պատճառով, մերձակա ողջ տարածքը գտնվում է սահմանապահների վերահսկողության ներքո:
Նշենք, որ սրբազան Հորդանան գետի աղտոտվածությունը վաղուց հանդիսանում է ոչ միայն իսրայելական իշախությունների, այլև ողջ աշխարհի բազմաթիվ հավատացյալների անհանգստության պատճառ: Մարդիկ ընդհանրապես չեն գնահատում այդ ջրի սրբությունը՝ վերածելով այն աղտոտված գետի:
Սա լուրջ խնդիր է հանդիսանում ուխտագնացների համար:
Իրավիճակն ավելի է սրվում այն պատճառով, որ գետի ջրերը մեծ ծավալներով օգտագործելու պատճառով ավելանում է դրա աղտոտվածությունը: Բացի այդ, այդ ջրերի մեջ նետվում են գյուղատնտեսական, ձկնորսության թափոններ:
Ստացվում է՝ մարդիկ առաջնորդվում են հետևյալ թևավոր
արտահայտությամբ. "Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ": Միայն թե, երբ խոսքը սուրբ գետին է վերաբերում, դժվար թե արժե ջրհեղեղի հետ խաղ անել:
"Արմեդիա" ՏՎԳ
10.04.2013