Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը շրջել է Կարս նահանգի զբոսաշրջային վայրերով և Անիի ավերակների հետ կապված հայտարարություն արել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեդ նուրի Էրսոյը Կարս նահանգում այցելել է Սարիղամիշի լեռնահադահուկային կենտրոն, Սարիղամիշում 19-րդ դարում ռուս ցարի կողմից կառուցված Եկատերինայի պալատ, Կարսի բերդ և Անիի ավերակներ։
Անիում թուրք նախարարը այցելել է Մայր տաճար և Մանուչեի մզկիթ, զրուցել տեղացի զբոսաշրջիկների հետ, որից հետո մամուլի համար հայտարարություն արել։ Նախարարը նշել է, որ Անին կարևոր է Թուրքիայի համար՝ շեշտելով, որ ՅՈՒՆՍԿՕ-ի ցանկում այն ներառվել է որպես քաղաքակրթությունների օրրան։
Ըստ նախարարի՝ շուտով Անիում սկսվելու է 6 ամսյա պեղումների փուլ, որին ներգրավելու են մեծ թվով հնագետների, գրում է News.am-ը։
Նախարարն իր խոսում որևէ կերպ չի հիշատակել «հայ» կամ «Հայաստան» բառերը, չնայած Անիում գտնվող հուշարձանները բացառությամբ մեկի, բոլորը հայկական են և Անին հանդիսացել է Հայոց մայրաքաղաքաը 10-11-րդ դարերում։