Հուսով ենք, որ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին քաղաքական որոշում կընդունվի. Փաշինյան

16:46     5 մարտի, 2019

Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են շատ հարցեր՝ սկսած Հայաստանում ժողովրդավարական փոխակերպումներից մինչև տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներ: Հանդիպումից հետո լրագրողների առաջ ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը:

«Հանդիպման ընթացքում մենք ուրախ էինք ընդգծել ԵՄ-ի և Հայաստանի միջև առկա քաղաքական երկխոսության և համագործակցության բարձր մակարդակը», - ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը Բրյուսելի հետ գործընկերային հարաբերությունները ամրապնդելու գործում և հավելել, որ հանդիպման ընթացքում նրանք քննարկել են նաև Հայաստանում խորհրդարանական ընտրությունները:

«Մենք գնահատում ենք ընտրական գործընթացների հաջող կազմակերպման գործում Եվրամիության օգնությունը: Քաղաքական փոփոխությունները, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունները ԵՄ-ին և Հայաստանին մոտեցրել են ընդհանուր արժեքներին»,- շեշտել է Փաշինյանը:

Նա բարձր է գնահատել Հայաստանի բարեփոխումների ծրագրին ցուցաբերված ԵՄ տեխնիկական և ֆինանսական աջակցությունը, որը նախատեսում է պայքար կոռուպցիայի դեմ, մարդու իրավունքների պաշտպանություն և օրենքի գերակայության ամրապնդում:

«Մենք անդրադարձել ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի հարցին, որը երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր գործիք է: Մենք համաձայն ենք, որ համաձայնագրի արագ վավերացումն անհրաժեշտություն է»,- հավելել է Հայաստանի վարչապետը:

Դրանից բացի, քննարկվել է վիզային ռեժիմի ազատականացման հարցը, նշել է Փաշինյանը, ապա հավելել, որ Հայաստանի քաղաքացիներն անհամբերությամբ են սպասում մոտ ժամանակում ԵՄ անխոչընդոտ մուտք գործելու հնարավորությանը:

«Մենք հույս ունենք, որ քաղաքական որոշումը կընդունվի մոտ ժամանակներս»,-հավելել է նա:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային հարցերին, ապա Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունը:

«Հայաստանը հանձնառու է բացառապես հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հավելել է նա: 


© armedia.am