Արմեն Սարգսյանը Սալոմե Զուաբիշվիլիի երդմնակալությանը մասնակցած միակ նախագահն էր. տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահների առանձնազրույցը

15:24     13 մարտի, 2019

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը:

Ողջունելով Վրաստանի նախագահին և շնորհակալություն հայտնելով նրան իր հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն, որը, վստահաբար, շարունակվելու է նաև հետագա հարազարամյանկներում: «Ինձ համար շատ թարմ են հաճելի հիշողությունները, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ Վրաստանում մասնակից եղա շատ գեղեցիկ արարողության՝ Ձեր երդմնակալությանը,- ասել է նախագահ Սարգսյանը: «Շատ ուշադիր հետևում եմ Ձեր ակտիվ գործունեությանը, մանավանդ արտաքին քաղաքականության ոլորտում»:

Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել , որ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած մշակույթից մինչև գիտություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, հսկայական ներուժ ունի, և ամեն ինչ պետք է անել, որ այդ համագործակցությունը լինի ավելի խորը և շատ շահավետ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին հյուրընկալության համար, նշել է, որ Արմեն Սարգսյանն իր երդմնակալության արարողությանը մասնակցած միակ նախագահն էր: « Դա ինձ համար մեծ պատիվ էր,-ասել է Վրաստանի նախագահը:- Դա մեր երկու երկրների միջև բարեկամության նշան էր, ինչը ես անձամբ և մեր հասարակությունը բարձր ենք գնահատում»:

Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը: Վրաստանի նախագահն ասել է, որ երկու երկրներին միավորում են ոչ միան աշխարհագրությունը, պատմությունը, այլև Վրաստանի հայ բնակչությունը: 


© armedia.am